Հայաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը Հանրապետական կուսակցությունը գնահատում է նորմալ, թափանցիկ եւ Հայաստանի պարտավարություններին համապատասխան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույւցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եւ ԿԸՀ-ն, եւ Ոստիկանությունը թեժ գիծ ունի, լրատվամիջոցները եւս նպաստում, են այդ աշխատանքին: Մենք եւս ստանում ենք ահազանգեր, որոնք հիմնականում հրապարակվել են լրատվամիջոցներում, եւ խնդրում ենք դիմել պատկան մարմիններին, որոնք օպերատիվ արձագանքում են եւ ճշտում դրանց իսկությունը»,- ասաց մամուլի խոսնակը
Նրա խոսքով` կարող են լինել տեխնիկական թերություններ, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը շատ նորմալ է, ինչը ցույց է տալիս, որ, թեեւ տեխնիկական փոքր խնդիրներին, այնուհանդերձ ՏԻՄ ընտրությունների ընթացքը կարելի է գնահատել նորմալ, դրական եւ թափանցիկ:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց խախտումների մասին տեղեկություններ են հաղորդում իրավապաշտպանները, քաղաքացիները, լրատվամիջոցները։




























