Թեեւ պատկան մարմինները Հայաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ բաժանելու եւ այլ խախտումների մասին ահազանգեր չեն ստացել կամ ստացել են եւ պարզել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, բայց դրանց վերաբերյալ տեղեկությունները շարունակում են ավելանալ սոցիալական ցամնցերում, լրատվամիջոցներում:
Այսպես, Գյումրիից «Ասպարեզ» ակումբը հացորդում է, որ Գյումրու տիկնիկային թատրոնի տեղամասում մեկը քվեարկել էր այլ անձի անձնագրով: Նրանց փոխանցմամբ` «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի 45OU068, 0822L:26 համարանիշներով 26 երթուղայինի 2 գազելով ընտրողներին են տեղափոխում տեղամաս: Ահազանգ կա նաեւ Գյումրիի 2 դպրոցի տեղամասի հետ կապված, որտեղ ընդամենը 2 լամպ կա եւ անհնար է նորմալ քվեարկություն կատարել, ուստի` ընտրողները քվեաթերթիկները հանում են խցից դուրս եւ քվեարկում:
«Ասպարեզը» տեղեկացնում է նաեւ, որ Գյումրիի Գծի Ետեւ թաղամասի երկու տեղամասերում՝ 9-րդ գրադարան եւ 27 դպրոց, մարդկային կուտակումներ են, միկրոավտոբուսների կանգառում կայանած մեքենաների միջից կաշառք են բաժանում:
Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել նաեւ, որ Սիսիանում եւս ընտրակաշառք են բաժանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Աղասի Հակոբջանյանի օգտին քվեարկելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:




























