Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:
Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքի ամրագրումը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:
Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ աղբահանության վարձավճարների հավաքագրման մասով քաղաքապետը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել առկա թերացումները, այդ թվում նաեւ քայլեր ձեռնարկելով սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների քանակի ավելացման ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին եւ բնակիչներին օրինական դաշտ բերելու եւ այդ մասով ցուցանիշները բարելավելու մասով։
Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետեւողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, եւ անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։ Նախորդ ամսվա համեմատ տարբեր ոլորտներում հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Արաբկիր եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:





























