Այսօր` սեպտեմբերի 10-ին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որը գլխավորում էր ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ եւ գվարդիայի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ցամաքային եւ օդուժի կողմից շինությունների/ինժեներական աջակցության ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերվող շարունակական օժանդակությանն առնչվող հարցեր։
Ողջունելով հյուրերին` ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նրանց ուղեկցեց նախարարության նոր համաբուժարան, իսկ այնուհետեւ` Ճգնաժամային կառավարման կենտրոն։
Այնտեղ ամերիկացի գործընկերներին ներկայացվեցին կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործառույթները, արագ արձագանքման «911» ծառայությունը եւ դրա տեխնիկական հնարավորությունները։
ԱԻՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Կանզաս համագործակցության հետագա ուղղությունները։
Կանզաս-Հայաստան պետական համագործակցության ծրագրի հիմքերը դրվել են դեռ 2003 թվականին: Հիմնական նպատակը` արտակարգ իրավիճակներում եւ ճգնաժամերի ժամանակ ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանը միտված նախաձեռնություններին աջակցությունն էր, խաղաղապահ միջազգային ուժերում հայկական կազմավորումների ներգրավվածության ապահովումը եւ նրանց պատրաստվածության բարձրացումը:






























