Մասիսում ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանի հաղթանակը կասկածի տակ դնող փաստեր չկան, միայն ենթադրություններ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մասիսում ԲՀԿ-ի` ընտրությունների արդյունքները բողոքարկելու հանգամանքին:

«Մեզ որեւէ համայնքում պյուրոսյան հաղթանակ պետք չէ, մեզ ամեն գնով հաղթանակ պետք չէ, մեզ համար ամենակարեւոր հաղթանակը դա այն է, որ երկիրը անշրջելիորեն գնում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով: Այն, որ այս ընտրությունները ավելի լավն էին, քան նախորդը, դա փաստ է, որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական գործիչ, վստահված անձ չունի փաստ,որ ընտրությունները կեղծվել են կամ որեւէ մեկի իրավունքները խախտվել են, դրա համար կան պատկան մարմիններ, թե՛ ոստիկանությունը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օբյեկտիվ աշխատում են»,- ասաց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակի փոխանցմամբ`քաղաքականության մեջ ենթադրություններով առաջնորդվելը այնքան էլ արդարացված չէ, եւ եթե ԲՀԿ-ական գործընկերները ունեն կոնկրետ փաստեր խախտումների մասին, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուների ստացած 500 ձայների տարբերությանը, ապա, Էդուարդ Շարմազանովի կարծիքով, «Ընտրական օրենսգիրքը» այնպիսին է, որ հնարավորություն է տալիս նորմալ վերահսկել ընտրական գործընթացը. «Հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, ո՞ւր էին, երբ այդ 500 ձայները կեղծվում էին: Եթե կա որեւէ խախտում որեւէ համայնքում անկախ նրանից` որ ուժն է արել, մենք դեմ ենք այդ խախտմանը, բայց մենք նույնքան դեմ ենք առանց փաստերի մեղադրանքներ ներկայացնելուն»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը ստանալով 5 հազար 248 ձայն: Իսկ Սաշա Հակոբյանի ԲՀԿ-ական մրցակիցը`Կարապետ Օհանյանը ստացել է 4 հազար 698 ձայն: Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 646 է, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների թվի  կազմել է 10 հազար 407: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների տարբերությունը մոտ 550 է եւ մոտ 500 էլ անվավեր քվեաթերթիկներ կան: «Մեր թեկնածուն վստահություն ունի, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա եւ իր բողոքում, կարծում  եմ, հստակ հիմնավորումները կլինեն»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մինչեւ սեպտեմբերի 10-ի աշխատանքային օրվա ավարտը  Արարատի մարզի Մասիս քաղաքապետի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը դիմում կներկայացնի ԿԸՀ-ի հանձնաժողով պահանջելով Մասիս քաղաքի բոլոր տեղամասերում վերահաշվարկ կատարել: