Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող է ստեղծվել կառավարական մակարդակով համագործակցության Խորհուրդ: Այս մասին հունվարի 12-ին Մոսկվայում թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք գտնվում ենք կառավարական մակարդակով համագործակցության խորհուրդ ստեղծելու շեմին: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումներից հետո կարելի կլինի ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել այդ առումով»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ Խորհրդի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում:
Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով, այդ Խորհրդի ստեղծումը, նրա գործունեությունը «նոր դարաշրջանի սկիզբ կդնեն երկու երկրների միջեւ հարաբերություններում»: Նա նաեւ ընդգծել է, որ 2010 թվականը յուրահատուկ կլինի Թուրքիայի տնտեսության զարգացման տեսանկյունից: «Այս տարի մենք ձեզ հետ ականատես կլինենք մեր տնտեսության արագ նորմալացմանը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը ներկայումս գտնվում է Մոսկվայում, որտեղ այսօր հանդիպելու է այդ երկրի նախագահի ու վարչապետի հետ:




























