Երեւանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ճամփեզրի փլուզման հետեւանքով կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան սահել է ցած: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ  ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի մասին տեղյակ են պահվել նաեւ «1-02» եւ «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածը փակել են ժապավեններով: