Երբ ԲՀԿ-ն որոշի հրապարակել իր տեսակետը նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ ժամանակ էլ կհրապարակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը, եւ նրանք պայքարելու է երկրորդ տեղի համար։
«Անկեղծ ասած` ես ուղղակիորեն հոգնել եմ նախագահական ընտրությունների շուրջ, նախագահական ընտրությունների վերաբերյալ տարբեր վարկածների, թեմաների, ինտերպրետացիաների, տեսակետների, վերլուծությունների պատասխանելուց: Որեւէ պրովոկացիոն հայտարարությամբ, որեւէ չակերտավոր հավաստի աղբյուրներին հղում անելով, որեւէ քաղաքագիտական վերլուծություններով, որեւէ վարկածներով հնարավոր չի լինելու ստանալ ավելին, քան հիմա ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ինձ զարմացնում է, թե այդ հստակ,պարզ տեսակետը ինչո՞ւ է շարունակում մնալ այդքան անհասկանալի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նոր պայմաններով՝ կոալիցիա կազմելուն` մասնակցելով վարչապետի նշանակմանը, նա նշեց, որ այդ ենթադրությունները չի ցանկանում մեկնաբանել:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պայքարելու է երկրորդ տեղի համար։ «ԲՀԿ-ականները ճիշտ են համարում, որ ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով։ Ընդ որում՝ ամենանախընտրելի թեկնածուն նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն է։ ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի կարող բավարար ձայներ ապահովել, Վարդան Օսկանյանը՝ նույնպես, քանի որ ԲՀԿ 450 հազար ձայները եղել են հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարմամբ։ Ըստ այդ սցենարի՝ ԲՀԿ-ն պետք է երկրորդ տեղը գրավի ընտրություններում ու լուրջ դերակատարում պահանջի Հայաստանի կառավարման հարցում՝ կրկին կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ, բայց արդեն նոր պայմաններով՝ մասնակցելով վարչապետի նշանակմանը»,- գրել էր «Ժամանակը»:




























