«Բարգավաճ Հայասատան» կուսակցության պահանջով ընթացող վերահաշավարկը Մասիս քաղաքի 9 տեղամասերում այսօր` սեպտեմբերի 12-ին ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ընդհանուր առմամբ` վերահաշվարկի հետեւանքով ընտրությունների արդյունքը փոփոխություն չի կրել: «16-ով նվազել է ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանի ձայները, 8-ով իջել է ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանի ձայները»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը ստանալով 5 հազար 248 ձայն: Իսկ Սաշա Հակոբյանի ԲՀԿ-ական մրցակիցը` Կարապետ Օհանյանը ստացել է 4 հազար 698 ձայն: Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 646 է, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների թվի կազմել է 10 հազար 407: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների տարբերությունը մոտ 550 է եւ մոտ 500 էլ անվավեր քվեաթերթիկներ կան: ԲՀԿ-ական թեկնածուն վերահաշվարկ էր պահանջել: «Մեր թեկնածուն վստահություն ունի, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա եւ իր բողոքում, կարծում եմ, հստակ հիմնավորումները կլինեն»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:




























