Նախօրեին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ է զանգահարել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի փաստաբանը եւ հայտնել, որ իր վստահորդը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել։ Նման արարքի պատճառ են հանդիսացել կալանավորի առողջական խնդիրները եւ ոչ պատշաճ բժշկական օգնության ցուցաբերումը:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակից Դավիթ Դավթյանն ու արագ արձագանքման բաժնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սուրեն Իսկանդարյանն ու Հասմիկ Սահակյանն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ եւ առանձնազրույց ունեցել կալանավորի հետ: Արագ արձագանքման խմբի աշխատակիցները ծանոթացել են կալանավորի խնդրին եւ առաջարկել դիմում ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրին համապատասխան ընթացք տալու նպատակով:
Այնուհետեւ արագ արձագանքման խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին։ Արդյունքում կալանավորը տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ. մաս, ինչից հետո դադարեցրել է հացադուլը եւ քանդել բերանի կարերը:





























