Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, ԳոհարՄատինյանի), սեպտեմբերի 6-ին կայացրած վճռով ուժի մեջ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ մերժելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի բողոքը:

Թերթի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում տպագրել էր հոդված` մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Ընդ որում` «Ժողովուրդ»-ը նույն հոդվածում հրապարակել էր նաեւ մարզպետի կարծիքը` իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարան` պահանջելով հերքել իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները: Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր «պատիվն արատավորելու» համար «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ ՙհալած յուղի տեղ ընդունելով՚ մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց «Ժողովուրդ»-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը փաստաբանական ծախսերի, 100 հազարը` Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ Վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել Թամրազյանի կայացրած վճիռը:

Նկատենք, որ ապօրինի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելիս առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ «Ժողովուրդ»-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի եւ էթիկայի բոլոր նորմերը` նշելով ինֆորմացիայի աղբյուրը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թերթը, նախքան տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է դա աներ: Օպերատիվ գործողություննե՞ր աներ, փողը մշակեր, տար վարորդի՞ն ու միանգամից նկարե՞ր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ՞ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ էլ, լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը:

Ինչեւէ, ստացվում է, որ քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, հայտնել է իր ունեցած ինֆորմացիան թերթի միջոցով, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պատժել կողմերից մեկին, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին՝ ողջ «կուժն ու կուլան» կոտրելով օրաթերթի գլխին: Ու այսպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխում է արդարադատության համակարգը»,- նշել է թերթի խմբագրակազմը եւ հավելել, որ «Ժողովուրդ»-ը կբողոքարկի այս դատավճիռը: