ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետեւանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաեւ շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում:
Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների եւ խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան:
ՀՀ կառավարության 14.08.2012թ-ի թիվ 1110-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կատարվել է ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ 294.0 հազար դրամի չափով, որը «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:
Ապարախյուսով աղտոտված տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է եւ լվացվել, իսկ շուրջ 7 խոր.մ կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի-որ արդյունաբերական եւ տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված:
Ընկերությանը տրվել են հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման եւ հնարավոր խախտնումների վերացման վերաբերյալ, մասնավորապես`հետագա հնարավոր վթարների դեպքում ապարախյուսի արտահոսքը շրջակա միջավայր հնարավորինս բացառելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու մասին:





























