Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության պետն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցների, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ ենթակա բաժինների ղեկավարության ու ծառայողների հետ:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ծառայողներին եւ մարզպետարանի աշխատակիցներին կոչ է արել համագործակցել միմյանց հետ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզի ոստիկանների աշխատանքը հանցավորության հակազդման եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ` ոստիկանության պետը կարեւորել է անձնական եւ մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին հրահանգել է անվերապահորեն կատարել օրենքի պահանջներն ու ծառայողական պարտականությունները, անմնացորդ իրականացնել այն առաքելությունը, որին կոչված է ոստիկանությունը:
Ոստիկանության պետն առանձնապես կարեւորել է ոստիկանություն-հասարակություն շփումն ու այդ կապի ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանի համոզմամբ` օրինապահ, համակեցության կանոնները պահպանող քաղաքացին ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության եւ ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողները, նրանք, ովքեր փորձում են հարցեր լուծել անօրինական միջոցներով, հանձին ոստիկանի գործ կունենան անաչառ իրավապահի հետ, որը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կասեցնելու է ցանկացած իրավախախտում:
Գասպարյանն ընդգծել է, որ միայն այդ դեպքում քաղաքացին կհարգի ու կվստահի ոստիկանությանը, ոստիկանի մեջ կտեսնի իր իրավունքների պաշտպանին: «Ոստիկանությունն ամեն ինչ անելու է առաջադրված խնդիրները լուծելու համար, բայց եւ ակնկալում է քաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը»,-ասել է Գասպարյանը:





























