ՀՀԿ-ն կարեւորում է սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները եւ շահագրգռված է, որ այն եւս անցնի, ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ պայմաններում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում վերլուծվել է սեպտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները եւ արձանագրվել, որ մոտ 65 տոկոս համայնքներում հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձ եւ վերլուծություն է կատարվել նաեւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջազգային արձագանքներին: «Բացի այդ, քննարկվել են արտաքին քաղաքական, այլ հիմնահարցեր կարեւորելով պետական, կուսակցական եւ պատգամավորական արտաքին ակտիվ քաղաքականության իրականցումը ի շահ մեր պետության»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ նիստում անդրադարձ է կատարվել վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին ԲՀԿ-ի հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նման հարցեր չեն քննարկվել։ «ՀՀԿ-ն վստահում է կառավարության եւ վարչապետի իրականացրած քայլերին: Այդ հարցը քննարկելու խնդիր չկա»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ՀՀԿ նիստը վարել է Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։