Արարատի մարզում այսօր` օգոստոսի 14-ին տեղի ունեցան Խաչփար համայնքի բժշկական ամբուլատորիայի եւ Նիզամի համայնքի մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությունները:

Խաչփարի բժշկական ամբուլատորիան վերջին անգամ մասնակի վերանորոգվել էր 1997թ. եւ գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Արձագանքելով Խաչփար համայնքի սահմանած գերակայություններին`«Սեյվ դը չիլդրեն»-ը հիմնանորոգել է ամբուլատորիան եւ տրամադրել համապատասխան կահույք: Նիզամի համայնքում երբեք չի գործել մանկապարտեզ, եւ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն չեն ունեցել հաճախել նախակրթարան: Հաշվի առնելով վաղ մանկության զարգացման կարեւորությունը երեխայի հետագա կյանքի համար եւ համայնքում առկա պահանջարկը` «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում հիմնվել է մանկապարտեզ, որը վերանորոգվելուց զատ ապահովվել է կահույքով ու կենցաղային տեխնիկայով, գրականությամբ եւ խաղալիքներով:

Ծրագրի շրջանակներում նաեւ վերապատրաստման դասընթացներ են անցկացվել Խաչփար եւ Նիզամի համայնքների մանկապարտեզի դաստիարակների եւ նրանց օգնականների, դպրոցի ուսուցիչների եւ բուժաշխատողների համար: Բացի այդ, 14-18 տարեկան երեխաների համար կազմակերպվել են երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացներ «Երեխան երեխայի համար» մեթոդոլոգիայով:

Խաչփարում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքի 24 տոկոսը ներդրվել է Արարատի մարզպետարանի, 7,5 տոկոսը` համանքապետարանի կողմից: Նիզամիում Արարատի մարզպետարանի ներդրումը կազմել է 41 տոկոսը, համայնքապետարանինը` 15 տոկոս: