Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի է ունեցել «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը, ներկայացնելով Մովսես Սիլիկյանի անցած ուղին, ընդգծել է, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի դարձակետային ճակատամարտի հրամանատար, այլեւ որպես, հիրավի, օրինակելի հրամանատարի կերպար: Նախարարի խոսքերով` Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղին է պատկանում, ով երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին: Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված եւ, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում. ոտքի հանել զորքը եւ բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու՝ հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար:
Ելույթներով եւ դասախոսություններով հանդես են եկել մի շարք պատմաբաններ` առավել մանրամասն ներկայացնելով գեներալ-լեյտենանտի տոհմի պատմությունը, ինչպես նաեւ ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները:
Նշենք նաեւ, որ զորավարի ծննդյան 150-րդ տարեդարձի շրջանակներում իրականացվում է Մովսես Սիլիկյանին նվիրված միջոցառումների ընդգրկուն մի ծրագիր, որը կշարունակվի նաեւ առաջիկա շաբաթներին: Մասնավորապես, կազմակերպվելու են ուսանողների ու աշակերտների բազմաթիվ այցելություններ «Սարդարապատ» հուշահամալիր, ինչպես նաեւ ծավալուն հոդվածներ են հրապարակվել պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, բացի այդ հրատարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» գրքույկը:





























