Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Նա նշեց, որ ինքը ռեստորան չի կառուցում, պարզապես ծնունդով Վրաստանից է, այնտեղ բազմաթիվ կապեր ունի եւ օգնում է իր ընկերոջը ռեստորանի կառուցման հարցում: Պատգամավորը վստահեցրեց, որ կառուցվող ռեստորանում ինքը որեւէ մասնաբաժին չունի:
Անդրադառնալով Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ 37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին տարածված տեղեկություններին` նա նշեց, որ դա անհեթեթություն է, իրեն չէին կարող տուգանել, որովհետեւ ինքը ոչ պայմանագրի կողմ է, ոչ պայմանագրի առկա մասնակից: «Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»,- նշեց նա` վստահեցնելով, որ իր կողմից որեւէ կոռուպցիա, պահանջների չարաշահում չի եղել:
«Ոչ պայմանագրի կողմ եմ, ոչ էլ պայմանագրի քննարկմանը մասնակցություն, աջակցություն եմ ունեցել, արբիտրաժը քննարկում է զուտ պայմանագրային հարաբերություններ, մնացածի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ, դա մոտավորապես նույնն բանն է, որ Կամբոջայում տանեն դատեն»,- նշեց նա:
Վարդան Այվազյանը նաեւ հավելեց, որ իրեն տուգանելու մասին առաջինը տեղեկացել է լրատվամիջոցներից եւ չի հասկանում, թե դա ինչ է: Պատգամավորի խոսքով` իրեն չեն տուգանել, պարզապես վարույթ են սկսել պայմանագրային կողմերի միջեւ եւ նախատեսվում է վարչական տուգանք ներկայացնել: Նա կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց, թե հենց հիմա, հասնելով Երեւան, կգնա եւ կվճարի այդ գումարը, կամ էլ եթե վճիռ են կայացրել, կարող են գալ եւ իրեն բռնել:
Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Այվազյանի «օբյեկտը» իր ծախսերով եւ շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում»,- հայտնել էին նրանք:
Իսկ երեկ «Հետքը» հրապարակել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:





























