Լիբանանում հայկական եկեղեցիների նկատմամբ այլ ոտնձգություններ չեն գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ ավելացնելով, որ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի այցելության նախօրեին պղծված հայկական կաթոլիկ Սուրբ Խաչ եկեղեցու դեպքը միակն էր։ «Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, սակայն դեռեւս ձերբակալվածներ չկան։ Հատկանշական է, որ դեպքը տեղի ունեցավ Պապի այցի նախօրեին։ Սակայն ենթադրություններ կատարելու համար դեռ վաղ է, ավելի ճիշտ է սպասել քննության ավարտին»,- ասաց Քանդահարյանը՝ ավելացնելով, որ հայ եկեղեցու վրա կատարված հարձակումը դատապարտել են Լիբանանի քրիստոնեական եւ այլադավան համայնքները։

Նշենք, որ սեպտեմբերի 14-16-ը Հռոմ Պապ Բենեդիկտոս 16-րդի Լիբանան այցի նախօրեին անհայտ անձինք գիշերվա ժամերին հարձակում էին գործել Սուրբ Խաչ եկեղեցու վրա, կոտրել էին արձանները, վնասել էին սրբապատկերներն ու գույքը։