Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 14-ին կայացած նիստում հայտարարել է, թե 2010թ. համար ամեն մի նախարար պետք է իր առջեւ երեք կարեւորագույն խնդիր դնի, որոնք բեկումնային զարգացում են ապահովելու:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է նաեւ, որ նախարարները «տարեվերջին պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց»։ «Մենք այն պետք է դարձնենք նաեւ հանրության կողմից վերահսկելի թեմա»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը վերաբերել է տնտեսական աճի ցուցանիշին։ «…ինչ ներուժ է կուտակված եւ ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010թ., որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը, ինչ ռեզերվներ ունենք, ինչ խոչընդոտներ կան, որոնց վերացումը կարող է ապահովել տնտեսական աճ, կամ ինչ կոնկրետ նախագծեր կան, որոնց իրականացումը ապահովելու է այն։ Այս երկու ուղղություններով մենք հունվար ամսվա ընթացքում պետք է գանք համաձայնության, եւ բոլոր նախարարներն իրենց անձնական հսկողության տակ պետք է ունենան այդպիսի խնդիրներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: