Դաշնակցությունը ՍԴ որոշումից առաջ իր առջեւ դրել էր մաքսիմում եւ մինիմում նպատակներ: Մաքսիմումն այն էր, որ ՍԴ-ն հնարավորություն ուներ որոշում կայացնելու, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը, սակայն դա չեղավ: Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Իսկ ահա ՀՅԴ մինիմում նպատակն, ըստ նրա իրականացել է, քանի որ ՍԴ-ն իր որոշումով հնարավորություն տվեց հետագայում ԱԺ-ում արձանագրություններն ընդունել վերապահումներով: «Այս հարցում մենք հասանք հաջողության»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ՍԴ որոշման դրական կետերից է այն, որ Ցեղասպանության հետապնդումը պետք է շարունակվի, որ ներկայումս գործող սահմանը չի կարող դիտարկվել որպես վերջնական սահման:
«Բայց այս իրավական գնահատականները հիմք կդառնան միայն այն դեպքում, եթե դրանք դառնան արձանագրությունների անբաժան մաս: Իսկ դա կարող է լինել միայն արձանագրությունները վերապահումներով ընդունելու դեպքում»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Հայաստանի ներկայացուցիչները դրսում կարող են վկայակոչել ՍԴ որոշումը:
Դաշնակցական պատգամավորը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե միջազգային երկկողմ պայմանագրերում վերապահումներ անելու իրավունք չկա: Նա վկայակոչեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կնքված մի երկկողմ համաձայնագիր, որը հայկական կողմը վավերացրել է վերապահումներով:
«Եթե ԱԺ-ն այդ վերապահումները չանի, կնշանակի, որ նա չի կատարում ՍԴ որոշումը»,- ասաց Ա. Մինասյանը:




























