«Ես բիզնեսով չեմ զբաղվում, ակցիաներ եւ ներդրումներ որեւէ կազմակերպությունում չունեմ»,- հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

Հարցին, թե նրան բավականացնո՞ւմ է նախարարի աշխատավարձը, փոխվարչապետը տվեց շատ օրիգինալ պատասխան. «Իմ աշխատավարձը, ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուրիդ, չի բավականացնում»։ Արմեն Գեւորգյանը մեկնաբանեց նաեւ այն հարցը, թե ինչու՞ նա, լինելով իշխող կուսակցության թիմակից, չհետեւց վարչապետին եւ չհամալրեց կուսակցության շարքերը։

«Ես 12 տարի իշխանության մեջ եմ եւ միշտ կողմնակից եմ եղել Հանրապետական կուսակցության տեսակետներին։ Վերջին 2 տարվա ընթացքում ես աշխատում եմ այդ թիմում եւ ընդունում նրա ծրագրերը»,-պատասխանեց անկուսակցական փոխվարչապետը՝ միեւնույն ժամանակ բացառելով իր անդամակցումը որեւէ իշխող կուսակցության։

Նշենք, որ ընդդիմադիր մամուլի հաղորդմամբ, Արմեն Գեւորգյանը դեռեւս նախկին պաշտոնում եղած ժամանակվանից (իսկ նա աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի վարչախմբում) հովանավորում է Երեւանի կենտրոնում էլիտար շենքերի կառուցումը։