Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 1990թ.-ին, կարելի է որակել որպես հայերի ցեղասպանություն, Բաքվում հայերի ջադերի 20-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով, Բաքվում 1990թ. ջարդերն իրենց սցենարով շատ նման են 1915թ. Հայոց ցեղասպանությանը Թուրքիայում:
Փորձագետը նշել է, որ միջազգային իրավունքում դրույթ կա, համաձայն որի՝ երկիրը, որն ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն այս կամ այն տարածքում, պետք է ինքնավարություն տա այդ տարածքին: «Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Ադրբեջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, ակնհայտ ապացույցն է, որ այդ շրջանում ադրբեջանական պետությունն ի վիճակի չէր ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»,- նկատել է փորձագետը՝ ընդգծելով, որ չգիտես ինչու այդ դրույթը չի օգտագործվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: Նրա կարծիքով, այդ դրույթի օգտագործումը զգալիորեն կուժեղացներ հայկական կողմի դիրքերը:




























