Այս պահի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը մշտական տեղակայման վայրում բերված է պատրաստականության վիճակի եւ պատրաստ է մեկնել աղետի գոտի՝ Հայիթի, իրականացնելու համապատասխան փրկարարական աշխատանքներ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խումբը բաղկացած է 50 հոգուց, որի մեջ ընդգրկված են փրկարարներ, պարամեդիկներ, թարգմանիչներ եւ մեկ շուն: Փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել Հատուկ փրկարարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Ավետիք Մանուկյանը, իսկ խմբի ղեկավարն է Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ազարյանը:

Հիշեցնենք, որ Հայիթիում հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել հունվարի 12-ին: Երեք ցնցում էր եղել մինչեւ 7 բալ ուժգնությամբ: Ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, զոհերի թիվն անցնում է տասնյակ հազարներից: