Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Այդ մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որ լուծենք խնդիրը՝ միջազգային իրավունքի հիման վրա: Եւ Ռուսաստանի նախագահը միակն է, որ ներգրավված է այդ հարցում»,- ասել է Դորոխինը՝ հավելելով, որ Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը՝ խնդրի լուծումը գտնելու համար:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովի նոր պաշտոնին, դեսպանը նկատել է, որ նա նոր նշանակում ստանալու ճանապարհին է: «Մեզ մոտ դեսպանների նշանակումը որոշ ձեւականություններ է պահանջում: Որքան ես եմ հասկանում, Յուրի Մերզլյակովն արդեն անցել է այդ ձեւականությունների առնվազն կեսը»,- նկատել է Դորոխինը: