Վատիկանը կեղծ է անվանել այն պապիրուսը, որի վրա եղել է Հիսուսի կնոջ անունը: Այս մասին գրում է The New York Times-ը, վկայակոչելով Սուրբ աթոռի L’Osservatore Romano պաշտոնական թերթը: Պապիրուսի մասին հոդվածը, որը գրվել է պարբերականի խմբագիր Ջովաննի Վիանի կողմից, հրապարակվել է սեպտեմբերի 28-ի համարում:
«Ծանրակշիռ փաստարկները թույլ են տալիս ենթադրել, որ պապիրուսը ընդամենը անհաջող կեղծիք է», - հոդվածի հատվածը մեջբերում է CNN-ը: Այս հոդվածին զուգահեռ թերթի համարում հրապարակվել է նաեւ ղպտագետ` Ալբերտո Կամպլանի համապատասխան վերլուծությունը: Գիտնականը նշում է, որ պապիրուսից բացի ուրիշ ոչ մի այլ աղբյուներ Հիսուսի ընտանեկան կարգավիճակի մասին չեն հիշատակում:
Կամպլանին նաեւ ուշադրություն է հրավիրում պապիրուսի կասկածելի ծագման վրա, որը ձեռք է բերվել հնոտիների շուկայում, այլ ոչ հնագիտական պեղումների ընթացքում:
Պապիրուսի գոյության մասին, որտեղ հիշատակվում է Հիսուսի կինը, Հռոմում տեղի ունեցած Ղպտական հետազոտությունների միջազգային 10-րդ կոնգրեսում հայտնել է Հարվարդի աստվածաբանական դպրոցի պրոֆեսոր Կարն Քինգը: Նրա խոսքով պապիրուսի հատվածի վրա ղպտերեն գրված է «Հիսուսը ասել է նրանց` իմ կինը»: Կինգը այս պապիրուսը համարում է անհայտ ավետարանի հատված, որը, ենթադրաբար, գրվել է 2-րդ դարում հունարեն լեզվով` հետագայում թարգմանվելով ղպտերեն:
Գիտնական պնդմամբ պապիրուսի վրա գրվածը դեռ չի փաստում, որ Հիսուսը ամուսնացած է եղել, սակայն միունույն ժամանակ ենթադրում է, որ նմանատիպ տեղեկատվությունը կարող է կարեւոր լինել վաղ քրիստոնեական պատմության համար:





























