Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը շնորհավորել է Միկիսկային նշանակման կապակցությամբ եւ նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը` հույս հայտնելով, որ Չեխիայում եւ Հայաստանում դեսպանությունների հիմնումից հետո երկկողմ համագործակցությանը նոր խթան կհաղորդվի:

Միկիսկան փոխանցել է պաշտպանական բնագավառում համագործակցության չեխական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը մեծապես կարեւորվում է նաեւ Չեխիայի կողմից:

Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Միկիսկան, մասնավորապես, հետքրքրվել է սեպտեմբերին անցկացված «Փոխգործակցություն 2012» զորավարժության արդյունքներով եւ այս օրերին անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքով: Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ «Փոխգործակցություն 2012» զորավարժության ընթացքում մասնակից երկրների զորատեսակաները եւ այլ օժանդակող ստորաբաժանումները ցուցաբերել են ներդաշնակ գործելու բարձր մակարդակ, ինչն էլ հանդիսացել է զորավարժության նպատակը: Իսկ ներկայումս ՀՀ տարածքում իրականացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական նպատակն է հակառակորդի ագրեսիային դիմագրավման հարցում ՀՀ ԶՈՒ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության վերստուգումը: Սեյրան Օհանյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց եւ թափանցիկ մթնոլորտում. զորավարժությունների խնդիրների եւ նպատակների վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ինչպես հասարակությունը, այնպես էլ գործընկերներ երկրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: