ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` հոկտեմբերի 5-ին, ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովին Ադբեջանին հանձնումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

ԱԺ նախագահի խոսքով` վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում, առկա է փոխվստահության, փոխըմբռնման մթնոլորտ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը պատգամավորական խմբին շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղ այցելության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը անդրադարձավ Շվեյցարիայի խորհրդարանի հայանպաստ գործունեությանը, մասնավորապես` 2003 թվականի դեկտեմբերի 16-ին շվեյցարացի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ` Շվեյցարիայի դեսպանության հիմնմանը Հայաստանում, որին մեծապես նպաստել է խորհրդարանական բարեկամության խումբը: Դոմինիկ դե Բումանը կարեւորեց նաեւ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա նշեց, որ պատվիրակությունը տպավորված է Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից, որտեղ հնարավորություն է ունեցել տեսնելու, ճանաչելու ու զգալու անկախ ապրելու իր ուղին ընտրած արցախցիների կյանքն ու իրականությունը:  «Շվեյցարիան 2013-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, եւ շատ կարեւոր է, որ կարողանանք մեր պատվիրակներին փոխանցել այն ամենը, ինչ մենք տեսանք ու հասկացանք Ղարաբաղում: Դա կօգնի, որ միջազգային այս կառույցը հավասարակշիռ դիրքորոշում որդեգրի»,- նշեց Դոմինիկ դե Բուման:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը, եւ Արբեջանի նախագահի արարքը, ինչի մասին պատգամավորը հայտարարել է նաեւ Շվեյցարիայի խորհրդարանում: «Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում եւ տարածաշրջանում, ու ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց Ուելի Լոյենբերգերը; Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ըստ Ուելի Լոյենբերգերի` Թուրքիան պետք է լսի ողջախոհության ձայնը: «Ամենայն հավանականությամբ, թուրք ժողովուրդն է, որ իր կառավարությանը կկոչի այդ ողջախոհությանը, եւ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը կարող է օգնել թուրք ժողովուրդին»,-կարծիք հայտնեց շվեյցարացի պատգամավորը: