Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Բրազիլիայի տարածաշրջանային Կենտրոնական հանձնաժողովի նիստը, որն աննշան փոփոխություններով հաստատեց ընթացիկ տարվա սկզբին ձեւավորված վարչության կազմը, քննարկեց հանձնաժողովի առջեւ կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչության կազմում ընդգրկվել են համայնքային բոլոր հիմնական միությունների, ավանդական կուսակցությունների եւ կրոնական կառույցների ղեկավարները, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, ինչպես նաեւ Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվավոր հյուպատոսը:

Առաջարկվեց ստեղծել նաեւ օժանդակող հանձնախումբ, որի կազմում կներգրավվեն երկու տասնյակից ավելի համայնքային ակտիվիստներ, իրավաբաններ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, որոնք կխմբավորվեն առանձին ենթահանձնաժողովների մեջ` ըստ թեմատիկ ուղղությունների:

Կենտրոնական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին: