Արեւմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման որոշում կընդունվի: Դրանցից հիմնականը գազի ներկրման նկատմամբ արգելքն է:

Քանի որ Իրանն այս տարածաշրջանում համարյա բոլոր երկրներին գազ է մատակարարում, ապա արգելքը կարող է անդրադառնալ նաեւ տարածաշրջանիր երկրների վրա:

ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության վարչության օրերս հրապարակված զեկույցում նշվել է, որ եթե Եվրամիությունը արգելք դնի իրանական գազի ներմուծման վրա, ամենաշատը կտուժեն Թուրքիան եւ Ադրբեջանի մի մասը (Նախիջեւանի Ինքնավար հանրապետությունը):

Նշենք, որ Նախիջեւանը գազի ողջ պահանջարկը բավարարում է Իրանից ներմուծումների հաշվին, իսկ Թուրքիան իրանական գազի ամենախոշոր գնորդն է: 2011 թ. Իրանը արտահանել է 9 մլրդ խոր. մետր գազ, որից 8.5 մլրդ խոր. մետրը` Թուրքիա: Վերջինս իր գազի պահանջարկի մոտ մեկ երրորդը բավարարում է Իրանից ներկրումների հաշվին: Թեեւ Թուրքիան Եվրամիության անդամ չէ, սակայն ամենայն հավանականությամբ`կմիանա այդ սանկցիաներին, որպես ռազմավարական գործընկեր եւ մի երկիր, որ ձգտում է ԵՄ անդամ դառնալ: Բացի այդ` Թուրքիան պարզապես կարող է ճնշումների ենթարկվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ ճնշումների ներքո մի քանի երկրներ, այդ թվում` ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը 2011 թ. էապես կրճատել են Իրանից նավթի ներկրումները: 

Նշենք, որ Իրանից գազ ներկրում է նաեւ Հայաստանը` էլեկտրաէներգիա գազի դիմաց բանաձեւով: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` Հայաստանը 2012 թ. առաջին կիսամյակում Իրանից ներկրել է մոտ 256 մլն խոր. մետր գազ` 46 մլն դոլար մաքսային արժեքով (1000 խոր. մետրը` 180 դոլար):

Հայաստանը, բնականաբար, պարտավոր չէ հետեւել Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին, սակայն չի բացառվում, որ ԵՄ-Հայաստան փոխհարաբերություններում այդ հարցը եւս շոշափվի: