Մոտ 2 շաբաթ է` մարմնավաճառների խմբերը հազվադեպ են երեւում Երեւանյան լճի մերձակայքում: Դա փաստում են նաեւ լճի մերձակայքում տեղակայված առեւտրի կետերի աշխատակիցները: Շինանյութեր վաճառող մի քաղաքացի NEWS.am-ին ասաց, որ ոստիկանությունը պարբերաբար քշում է մարմնավաճառներին, ու նրանք այլեւս չեն համարձակվում այդ կողմերում երեւալ: Բանը հասել է նրան, որ ոստիկանության պարեկային խմբերի մեքենաները մոտենում են նույնիսկ այն տաքսիներին, որոնք բոլորովին այլ պատճառներով կանգնում են մարմնավաճառների նախկին հավաքատեղիի մոտ: 

Նշենք, որ Երեւանյան լճի մոտ կա մարմնավաճառների 2 հավաքատեղի: Դրանք գտնվում են լճի տարբեր ծայրերում ու տարբեր մայթերում: Այդ հավաքատեղիները տարբերվում են եւ մատուցած ծառայությունների որակով, եւ գնով: Առավել տեսանելի վայրում գտնվող հավաքատեղում մարմնավաճառների գները տատանվում են 20-25 հազար դրամի սահմաններում` 1 ժամվա համար: Ընդ որում` աղջիկներն անպայման առաջարկում են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող մի հյուրանոց-մոթել, որի համարները համեմատաբար հարմարավետ են եւ արժեն 5 հազ. դրամ: Հավանաբար անվտանգության նկատառումներով էլ իրենց սպասարկող տաքսիներ ունեն:

Մյուս հավաքատեղիի աղջիկները պահանջում են 10-15 հազ. դրամ, ու ուղեկցում մոտակա կիսաքողարկված մոթել, որն ըստ երեւույթին հենց հասարակաց տուն է, քանի որ այլ նպատակներով չի օգտագործվում: Այնտեղ սենյակներն այնքան էլ հարմարավետությամբ աչքի չեն ընկնում, եւ արժեն 3 հազ. դրամ: Այս հավաքատեղիի մի առանձնահատկություն այն է, որ շատ մոտ է բնակելի շենքերին:

Մարմնավաճառների մեկ այլ հավաքատեղիում` Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկի մոտ, մարմնավաճառներն իրենց ավելի ազատ են զգում: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք կայանած մեքենաների մոտ չեն խմբվում, այլ պարզապես զբոսնում են` անցորդների ուշադրությունը գրավելով իրենց վառ հագուստով ու մերկ ոտքերով: Իսկ զբոսնել, ինչպես ասում են, արգելված չէ:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ ոստիկանությունը միշտ էլ պարբերաբար իրականացրել է հասարակական կարգի պահպանության միջոցառումներ, որի շրջանակներում փողոցները «մաքրվում են» նման խմբերից: 2012 թ. 9 ամսում վարչական պատասխանատվության է ենթարկվել 232 փողոցային մարմնավաճառ:

Նշենք, որ մարմնավաճառությունը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցանք չի համարվում: Դրա համար սահմանված է վարչական տուգանք: 2012 թ. սահմանվել է նոր կարգ, ըստ որի` ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններն են նշանակում վարչական տուգանքը (նախկինում այդ իրավունքը վերապահված էր տեղական ինքնակառավարման մարմիններին): Առաջին դեպքի համար տուգանքը 20 հազ. դրամ է, կրկնվելու դեպքում` 40 հազ. դրամ: