NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է The New York Times-ի թղթակից Էլիզաբեթ Մալքինի հոդվածը.

Երբ Մեխիկոյի քաղաքապետն անցած տարի քաղաքի կենտրոնական այգու շրջանում բացեց ոչ մեծ զբոսայգին, որտեղ մեծ արձան է տեղադրված, թվում էր, թե դա  մայրաքաղաքում կյանքի որակը բարձրացնելուն ուղղված քայլ է: Սակայն Google-ով որոնումը, հնարավոր է, քաղաքապետ Մարսել Էբրարդին կազատեր նրանից, ինչ տեղի էր ունենալու հետո:

Քաղաքապետը գովաբանեց նրան, ում պատկերում է արձանը` համարելով  «քաղաքական խոշոր առաջնորդ եւ պետական գործիչ», որը Մեխիկոյի բնակչության մեծ մասի համար անծանոթ է: Արձանը պատկերում է Հեյդար Ալիեւին, ով ղեկավարել է Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա ՊԱԿ գեներալ էր, Կոմունիստական կուսակցության առաջնորդ:

2003թ. մահացած Ալիեւի անձով հիացմունքն ավելացավ այն բանից հետո, երբ նախագահ դարձավ նրա որդին` Իլհամ Ալիեւը:  Նրա հոր արձաններն սկսեցին ի հայտ գալ Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Ռումինիայում եւ Սերբիայում: Սակայն Մեխիկոյի տարբերակը անհաջող դուրս եկավ:

Արձանը, որն Ադրբեջանի նվերն է այգու հետ միասին, քաղաքապետին դժվար կացության մեջ դրեց: ԱՄՆ պետքարտուղարությունը բազմիցս է մատնացույց արել Ադրբեջանում  մարդու իրավունքների վատ վիճակը, ինչը ներառում էր նաեւ լուրջ խախտումներն ու ժողովրդավարության ճնշումը: Արձանը տեղադելուց մի քանի շաբաթ անց, լրատվամիջոցներն ու իրավապաշտպաններն սկսեցին դրա ապամոնտաժմանն ուղղված արշավը:

Սակայն արձանի կողքին տեղադրված` 1992 թ.  Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակն ավելի մեծ խնդիրներ է առաջացրել: Քաղաքային իշխանությունում ոչ ոքի մտքով չի անցել ստուգել հուշատախտակի վրայի տեքստը, որը կատարվածը համարում է ցեղասպանություն: Մեքսիկայի ոչ մեծ, բայց  ազդեցիկ հայ համայնքը բողոք է ներկայացրել: Նույնն արել է Հայաստանի կառավարությունը:

Դիվանագիտական լուծում գտնելու համար քաղաքապետ Էբրարդը երեք անդամից կազմված հանձնաժողով է ստեղծել եւ խոստացել հետեւել նրա խորհուրդներին` ոչ միայն արձանի եւ հուշատախտակի, այլ առավել թափանցիկ որոշումներ կայացնելու վերաբերյալ: Նա փորձում է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխատրովին համոզել արձանը մասնավոր տարածք տեղափոխել, որը կարող է դառնալ մեքսակա-ադրբեջանական մշակութային կենտրոն: Հանձնաժողովի հանձնարարականներն ու Էբրարդի առաջարկին ադրբեջանական կողմի պատասխանն ակնկալվում են առաջիկայում: