Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ նոյեմբերի 13-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի հետ կապված եւ ընթացիկ այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, Արարատի եւ Արմավիրի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներ, այլ պատասխանատուներ:
Մասնավորապես անդրադարձ եղավ մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքին: Տեղեկացվեց, որ այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը կազմել է 5 մլրդ 285 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 800 մլն դրամով ավելի: Նոյեմբերի 11-ի դրությամբ գանձվել է 3 մլրդ 354 մլն դրամ կամ ձեւավորված հասույթի 63,5 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման ծավալն ավելի է 114 մլն դրամով: Թեեւ բացարձակ գումարային արտահայտությամբ հավաքագրումների աճին՝ փոխվարչապետն անբավարար համարեց տեմպերը եւ համակարգի արդյունավետ ու անխափան աշխատանքի տեսանկյունից կարեւորեց տարին առանց պարտքերի փակելու հանգամանքը: Նա պատասխանատուներին հորդորեց հետեւողական աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսությունների հետ՝ գանձումները ողջ ծավալով ապահվելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ մթերող կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ ամբողջությամբ գույքագրվել են նմանատիպ խնդիրները, եւ հետեւողական քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մինչեւ նոյեմբերի 30-ը ընկերությունները կատարեն ստանձնած պարտավորությունները: Ըստ փոխվարչապետի՝ դա լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան կատարել թե ստացած ոռոգման ջրի դիմաց վճարումները, թե տեղական հարկերի մասով իրենց պարտավորությունները:





























