«Անցած տարվա ընթացքում վերանայվել է մասնագիտական խորհուրդների կազմը, ձեռնարկվել են միջոցներ նրանց պատասխանատվության բարձրացման եւ բացահայտված խախտումների եւ թերացումների վերացման ու բացառման ուղղությամբ, միջազգային համաձայնագրերի համաձայն ընդլայնվել է ատենախոսությունների մի մասը օտարերկրյա պետությունների որակավորման մարմիններ փորձաքննության ուղարկելը եւ իրականացվել են մի շարք միջոցառումներ»,- «Մամուլի ազգային ակումբում» հունվարի 26-ին ասաց Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը՝ ամփոփելով ԲՈՀ-ի 2009 թվականի գործունեությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունության վերաբերյալ նախագահի վերահսկողության ծառայության բացահայտած խոշոր խախտումների հետեւանքներով: Նշենք, որ ըստ այդ բացահայտումների գիտական կոչումներ տրվել էին բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ բացահայտվել էր ԲՈՀ-ի կողմից շրջանառության մեջ դրված մի իրավական ակտ, որը հակասում էր կառավարության որոշմանը եւ, բացի այդ, գրանցված չէր արդարադատության նախարարությունում:

«Հիմնական արդյունքները վերաբերվում են, ինչպես ես արդեն նշեցի, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, առանձին դեպքեր, որոնք հիմք կտային մեզ՝ վերանայելու նախկինում ընդունված որոշումները, չկան»,- ասաց Արմեն Թռչունյանը:

Իսկ խախտումներով շնորհված գիտական աստիճանների վերաբերյալ ավելացրեց. «Ես կարող եմ ասել, որ ըստ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ գիտական աստիճանների վերանայում եւ զրկում ԲՈՀ-ի գործառույթներով նախատեսված չէ»: