Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը բացառիկ նուրբ հումորով, կանացի, տաղանդավոր երգչուհի եւ ավագ ընկեր է կորցրել ի դեմս Ֆլորա Մարտիրոսյանի: Այս մասին Շուշան Պետրոսյանն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ «Նա երբեք չդավաճանեց հայ երգին` երբեք: Երբեք չգնաց կոմպրոմիսների: Ինձ համար ծանր է»,- չկարողանալով զսպել հուզմունքը սահմանափակվեց Շուշան Պետրոսյանը:
Իսկ երգիչ եւ երգահան Հայկոն նշեց, որ երաժշտական բնագավառում, ցավոք, համագործակցություն չի ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հետ: «Մեր ոճերը շատ տարբեր էր: Նա ժողովրդական կատարող էր, իսկ ես էստրադային կատարող եւ կոմպոզիտոր: Հավանաբար, ոճային հակասության պատճառով գործնականում չենք համագործակցել: Բայց միշտ եղել ենք ջերմ եւ ընկերական հարաբերությունների մեջ: Ֆլորան ինձ համար հայկական երաժշտության սիմվոլ է եղել, որովհետեւ ինքը շատ լավն էր, թե որպես մարդ, թե որպես երաժիշտ: Շատ ցավում են, որ իրեն կորցրեցինք եւ հիմա իրեն մեր կողքին չունենք: Առավել ցավում եմ, որ ինքը Հայաստանում չէ: Շատ կցանկանայի, որ Հայաստանում լիներ»,- նշեց Հայկոն:
Նա նաեւ հիշեց, որ վերջերս անգամ Ֆլորա Մարտիրոսյանը զանգահարել է իրեն եւ հանդիպելու ցանկություն հայտել: «Ինքը շատ էր ցանկանում, որ մենք հանդիպենք եւ խոսքը ամենեւին էլ գործնական հանդիպման մասին չէր, այլ պարզապես ցանկանում էր, որ հանդիպենք: Պայմանավորվեցինք, որ իրենց տանը, անպայման, հանդիպենք: Ես իրեն շատ, շատ, շատ էի սիրում: Միշտ եղել ենք շատ ջերմ հարաբերությունների մեջ, հանդիպելուց փաթաթվել ենք, համբուրվել եւ միմյանց լավ խոսք ասել»,- հիշեց Հայկոն եւ ավելացրեց, որ Ֆլորայի հետ միայն ջերմ եւ երջանիկ հիշողություններ ունի:
Հիշեցենք, որ նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Հայտնի երգչուհին 55 տարեկան էր:





























