Հայտնի երգչուհիներ Ֆլորա Մարտիրոսյանը եւ Քրիստինե Պեպելյանը հեռավոր բարեկամներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նրա խոսքով, քանի որ Ֆլորա Մարտիրոսյանը  երկար տարիներ ԱՄՆ-ում է ապրել, իրենց ընտանիքնեի միջեւ նախկինում կապ չէր եղել: «Մի անգամ հիշում եմ մամայիս հետ գնացի իր համերգին, որտեղ ինքը երգում էր «Ամպեց կորավը»: Ես շատ տպավորված էի այդ երգով: Հետո վերջում կուլիսներում մոտեցա իրեն եւ ասացի, որ շատ եմ երազում, որ այդ երգը դուետ երգենք: Վստահ էի, որ նա չի համաձայնի, որովհետեւ դա իր համար ամենաթանկ երգերից մեկն էր»,- հիշեց Քրիստինե Պեպելյանը:

Այնինչ` Ֆլորա Մարտիրոսյանը ասել է, որ մեծ ուրախությամբ կերգի այդ երգը եւ Քրիստինե Պեպելյանը մեկնել է ԱՄՆ նրանից դասեր վերցնելու: «Ես այնտեղ մի երկու ամիս մնացի: Կոմիտասի դպրոցում գնացի դասերի: Տիկին Ֆլորան ինձանից շատ գոհ էր: Հետո արդեն ձայնագրեցինք երգը: Դրանից հետո մեր մտերմությունը ավելի ջերմացավ ու սկսեցինք այցելել իրար»,- վերհիշեց Քրիստինե Պեպելյանը:

Ինչպես նաեւ ավելացրեց, որ երբեք չի մոռանա, որ երբ իրենք ընտանիքով ճաշում էին կամ իրենց սեփական տան բակում խորոված էին անում, խեցգետին եփում Ֆլորա Մարտիրոսյանը միշտ հրավիրել է իրեն: «Մեկ էլ տիկին Ֆլորան զանգում էր, թե Քրիստիկ ջան ես գիտեմ, որ դու խեղգետին շատ ես սիրում, արի խորովածին միացի: Այնպես, որ իրենց առիթներին ինձ հաճախ հիշում էր: Ինչպես ասում են տնավարի իրար հետ շփվում էինք ու իսկապես այնքան լավ, այնքան ջերմ հարաբերություններ էին, որ ես այսօր ամբողջ օրը մրսել եմ այդ ինֆորմացիայից ու ձեռքերս սառած չեմ հասկանում այս ամենը ինչո՞ւ տեղի ունեցավ: Սա այն իրականությունն է, որի հետ պարզապես չի լինում հարմարվել»,-ավելացրեց Քրիստինե Պեպելյանը: