Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական նորանշանակ ներկայացուցիչ Պատրիս Կյող-Բիզոյին:
Կողմերն անդրադարձել են Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությանը, նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի 17 տարիների արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել` առաջիկա ծրագրերի հետ առնչվող ճանաչողական բնույթի հարցեր:
Բնապահպանության նախարարը, ով նաեւ Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական եւ գործառնական ազգային համակարգողն է, նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը հանդիսանում է այն կառույցներից, որի միջոցով Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը (ԳԷՀ) հաջողությամբ իրականացրել է ազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ ծրագրեր:
Սկսած 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջեւ յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր (ՏԱԾ):
Պատրիս Կյող-Բիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ նախարարության երկարամյա համագործակցությունը: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Հայաստանի ազգային պարկեր շրջայցեր կազմակերպելու ուղղությամբ:




























