«Ազատ-դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում, այսօր` նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատների» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ՀՅԴ-ի կողմից ներկայացված 7 առաջարկները: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից եւս եղել են առաջարկներ, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկայում: «Շատ կոնստրուկտիվ եւ ծրագրային քննարկում տեղի ունեցավ՝ ընդգրկուն թեմատիկայով եւ մոտեցումների ճշգրտմամբ»,- փոխանցեց Խաչատուր Քոքոբելյանը:
Հարցին, թե նախագահի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ եղե՞լ են, Քոքոբելյանը պատասխանեց. «Ոչ, օրակարգում միասնական թեկնածուի շուրջ հարց չի քննարկվել»:
Ի դեպ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հանդիպմանը ներկա են եղել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ ՀՅԴ-ից կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Արսեն Համբարձումյանը:




























