Վեդիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանին ոչ թե ռետինե մահակով ծեծել է նույն քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանին, այլ ընդամենը կատակով վիճաբանել են եւ վերջինս վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վեդիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարուժան Բարսեղյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները` կապված իր որդու հետ:
«Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ ուրիշ բանից է առաջացել, իսկ տուժողը իմ հորաքրոջ թոռն է: Կատակով քաշքշել են, այդպես ստացվել է, ոստիկանությունը զբաղվում է: Վիճաբանություն չի եղել, խոսել են, մի քիչ քեֆները լավ է եղել, որպես բարեկամի երեխա կպել է միամիտ, գլուխը հարվածել է»,- ասաց քաղաքապետը:
Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները,թե իր որդու եւ Սահակ Սահակյանի միջեւ վիճաբանությունը ծագել է մեքենան մեծ արագությամբ վարելու եւ դրա հետ կապված հորաքրոջ թոռան զգուշացումից հետո:
«Ռետինե մահակ իմ երեխու ձեռը որ լինի, կտամ առաջինը իմ երեխու գլուխը կջարդեմ, իմ երեխեն իրավունք չունի նման բաների մեջ լինի: Սա վիրավորական խաբեություն է, եթե իմ որդին նման անշնորհքություն արած լինի, առաջինը ես եմ կողմնակից, որ նա պատասխանտվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ: Ես այնպիսի երեխա չեմ դաստիարակել, որ պետք է օրենքից խուսափեմ կամ օրենքից փախցնեմ»,- ասաց ՀՀԿ-ական քաղաքապետը:
Դեպքից հետո որդին բարեկամի հետ գնացել էր հիվանդանոց, ռենտգեն հետազոտություն են արել: Սահակ Սահակյանի մոտ կոտրվածք է հայտնաբերվել, տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը, այժմ նրա վիճակը լավ է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Սահակ Սահակյանը դիմել է հիվանդանոց, այնտեղից ահազանգ է եղել: Դրա հետ կապված նյութեր են նախապատարստավում, հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Վեդիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին։ «Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել։ Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ՝ ողջ օրը, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում»,– գրել է թերթը։





























