«Գոլդեն փալաս» հյուրանոցում այսօր՝ հունվարի 26-ին տեղի է ունեցել մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ նիստը կառավարությունում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:

Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախագահել են հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջեւ իրավապայմանագրային բազայի ներկա վիճակն ու զարգացման միտումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակը եւ հեռանկարային ուղղությունները, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության եւ մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ընթացքը:

Վարչապետները հույս են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար եւ հրավիրել Վրաստան:

Նիստում երկու երկրների կառվարությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական հանաձնաժողովի նիստի արդյունքերով ընդունված արձանագրությունը: Ստորագրվել է նաեւ համաձայնագիր Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ «Վրացական պետական էներգահամակարգեր» ՍՊԸ միջեւ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին:

Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` իններորդ նիստն անցկացնել Վրաստանում: