Կայացել է սփյուռքի նախարարին կից ատյանի 7-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական եւ ընթացիկ հարց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի արդյունքներն ատյանի առջեւ ամփոփել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնի շրջանակում անցկացվել են Գրականության օրեր` ապրիլի 20-23-ին, Պարարվեստի օրեր՝ հունիսի 29- հուլիսի 10-ին, Անհատ կատարողների օրեր, որոնք սկիզբ առան հուլիսին եւ ավարտվեցին հոկտեմբերին, սեպտեմբերին անցկացվել է Դուդուկի համահայկական փառատոնը, իսկ հոկտեմբերին՝ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Փառատոնի մասնակցության հայտ էին ներկայացրել 2000-ից ավելի մասնակիցներ աշխարհի 23 երկրից: Փառատոնի համերգներն անցկացվել են ոչ միայն Երեւանում, ընդգրկել են նաեւ ՀՀ մարզերը: Ատյանը որոշել է հավանություն տալ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012թ. ծրագրին եւ միջոցառումների ցանկին:
Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն իր զեկույցում ամփոփել է սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թվականի ծրագիրը: Այս տարի ծրագրի շնորհիվ Հայաստան է այցելել 30 երկրից 940 երիտասարդ: 9 օր շարունակ նրանք հյուրընկալվել են հայկական ընտանիքներում՝ այսպիոով հնարավորություն ունենալով ծանոթանալ հայկական ընտանիքի կենցաղին ու ավանդույթներին, ծրագրի մասնակիցներն այցելել են Հայաստանի տեսարժան մշակութային վայրեր ու թանգարաններ, եւս 4 օր ապրել են Աղավնաձոր ճամբարում, որտեղ բազմաթիվ ուսուցողական հանդիպումներ են ունեցել Հայաստանի անվանի հասարակական, մշակութային եւ պետական գործիչների հետ, լսել են օգտակար դասախոսություններ: Ատյանը որոշել է ի գիտություն ընդունել ««ՀՀ կառավարության 2012թ. փետրվարի 2-ի նիստի Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012թ. ծրագրին եւ միջոցառումների ցանկին՝ հավանություն տալու մասին» Ν 4 արձանագրային որոշման կատարման մասին» զեկույցը, հանձնարարել ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչությանը մշակել «Արի տուն» 2013թ. ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը ներկայացրել է 2013 թվականի «Մեր մեծերը» ծրագրի նշանավորների անուններն ու նրանց գործունեության հանրահռչակմանն ուղղված ծրագրերը: Ատյանի որոշմամբ՝ 2013 թվականին «Մեր մեծերը» ծրագրում կընդգրկվեն Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը, Արշակ Չոպանյանը Վիլյամ Սարոյանը, Արշակ Չոպանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, ինչպես նաեւ՝ աշխարհի շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը զեկուցել է «ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությունները 2013թ. ՀՀ կառավարության միջոցառումների եւ գերակա խնդիրների վերաբերյալ»: Ատյանը որոշեց հաստատել եւ ներկայացնել համապատասխան որոշման նախագիծը:




























