Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կոլեկտիվն ու ուսանողները հայտարարություն են տարածել՝ «Հակահարված» art խմբի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է.

«Նոյեմբերի 22-ին ժամը 13-ին, 4 հոգի բարձրախոսով եւ տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել եւ հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները եւ հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները եւ գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների եւ ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը եւ ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը եւ թույլ չեն տա որեւէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»:

Նշենք, որ երեկ համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին: «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը iLur.am-ի հետ զրույցում նշել է, որ հերթական ակցիայի ժամանակ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երեւանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին: Իսկ նրանք փորձել են ակցիա իրականացնել, «ուսանողությանը ոտքի հանել ընդդեմ կառավարական ռեժիմի»: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ «Հակահարված» art խմբի որեւէ անդամ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման չի ենթարկվել: Միջադեպի բոլոր հանգամանքները ճշտվում են: