«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալման պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ այժմ ընթանում է Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու գործընթացը: Թե այս պահի դրությամբ քանի ստորագրություն է հավաքվել, Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չէր: Նա նշեց, որ 7 ստորագրություն հաստատ կա (նկատի ունի ՀԱԿ-ի 7 հոգանոց խմբակցությունը-NEWS.am), եւ կարծիք հայտնեց, որ «հնարավոր է հավաքել 27 ստորագրություն»:
Լյուդմիլա Սարգսյանի տեղեկություններով` այսօր պետք է բանակցություններ լինեին ոչ կոալիցիոն ուժերի հետ` անհրաժեշտ ստորագրություններ հավաքելու նախաձեռնությանը միանալու նպատակով: ՀԱԿ-ը, անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելուց եւ փաստաթղթերը պատրաստելուց հետո, կդիմի դատարան, առայժմ կոնկրետ ժամկետ չեն կարող ասել:
«Իհարկե, մեծ հույսեր չեմ կապում Սահմանադրական դատարանի հետ, որովհետեւ ավելի անարդար դատարան, քան դա էր, ես չեմ ճանաչում, թեեւ զուգահեռ նաեւ մնացած դատարանները: Դա քայլ է, որ մենք պարտավոր ենք անել եւ փորձել մեր` փոքրամասնությունների իրավունքը պաշտպանել Սահմանադրական դատարանում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի` արտահերթ նիստը տապալելու համար ԱԺ Էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությանը, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ Էթիկայի հանձնաժողովն ավելի թույլ գործառույթ է իրականացնում, քան Սահմանադրական դատարանը:
Արտահերթ նիստի տապալումը ՀԱԿ-ը համարում է Սահմանադրության 70-րդ հոդվածի խախտում: Նրանք գտել են իրավական հիմքեր եւ ձեւակերպում տվել: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ էթիկայի առումով եւս խնդիր կա: «Քաղաքական մեծամասնությունը պարտավոր էր այդ նիստին մասնակցել, եթե պատրաստ է բաց քննարկման, բայց ինչպես տեսաք` նապաստակի նման ճողոպրեցին, որովհետեւ իրենց հիմնական զենքն այսօր «Ընտրական օրենսգրքի» սողանցքներն են, որի արդյունքում կարողանում են կողմնորոշվել` ինչ ձեւով կեղծել ընտրությունները, մարդկանց կաշառել եւ այլն: Բաց, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնող քաղաքական ուժը պետք է կամք ունենար գար եւ քննարկեր այն փոփոխությունները, որ առաջարկում է խորհրդարանական փոքրամասնությունը: Այդ դեպքում իրենց կողմից գոնե մի փոքր կարելի էր իմիտացիա անել, թե պատրաստ են լսելու, պատրաստ են բարեփոխումների»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել:




























