Ղարաբաղյան հարցի հետ կապված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկա ամիսներին հանդիպում չի սպասվում, հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններն ընթանալու են ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո, հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ղարաբաղյան խնդրի առնչությամբ առաջիկայում սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, Պոպովը պատասխանել է. «Գիտեք, ներկայումս բանակցություններ են ընթանում արտգործնախարարների մակարդակով: Կարծում ենք, որ այդ գործընթացը առայժմ` գոնե առաջիկա ամիսներին, կընթանա նախարարների մակարդակով»:

Ռուսաստանցի համանախագահը հավելել է, թե դժվար է ասել ինչ նորություններ կլինեն առաջիկայում: «Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Պոպովը:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն իր հերթին ընդգծել է, որ իրենք Երեւանում չեն եղել այս տարվա հուլիսից, ուստի շատ բան կա քննարկելու:

«Մեր այս այցի նպատակն է տեսնել, թե ինչ ընթացք են ստացել հոկտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ներկայացված գաղափարները», - նշել է Բրադկեն: