Եթե ԲՀԿ-ի իրավաբանները գտնեն, որ Ազգային ժողովի նոյեմբերի 21-ին հրավիրված եւ տապալված արտահերթ նիստը Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքեր կան, ինչու չէ, ԲՀԿ-ն կմիանա ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե իրավաբաններն ուսումնասիրությունից հետո գտնեն, որ հարցը Սահմանադրական դատարանի քննարկման ենթակա է, ապա, ինչու չէ, ՀԱԿ-ի նախաձեռնությանը կմիանանք»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալման պատճառով: Նրա փոխանցմամբ, այժմ ընթանում է Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու գործընթացը: Թե այս պահի դրությամբ քանի ստորագրություն է հավաքվել, Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չէր: Նա նշեց, որ 7 ստորագրություն հաստատ կա (նկատի ունի ՀԱԿ-ի 7 հոգանոց խմբակցությունը-NEWS.am), եւ կարծիք հայտնեց, որ «հնարավոր է հավաքել 27 ստորագրություն»:Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել:





























