Թուրքական խորհրդարանի միակ քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն" (նախկին Ժողովրդավարական հասարակություն) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նուրի Յամանը կոշտ քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ քրդերի հանդեպ իրականացվող գործողությունների համար:
Յամանը անդրադառնալով Taraf թերթի կողմից հրապարակած «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման նախագծին` Թուրքիայի վարչապետի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է անվանել հեղաշրջման կուսակցություն եւ նշել, որ իշխանությունները 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումը քրդերի դեմ են անում: Ըստ Յամանի` թուրքական իշխանությունները, Թուրքիայի Սահմանադրական դատարանի հետ համագործակցելով, փակեցին «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը:
«Վերջին մեկ տարվա մեջ 800 քուրդ քաղաքական գործիչ է ձերբակալվել, եւ դեռեւս շարունակվում են ձերբակալությունները: Ամենավերջին դեպքը Իգդիրի քաղաքապետ Նուրի Գյունեշի ձերբակալությունն է: Այն շրջաններում, որտեղ չկարողացան ընտրություններում հաղթել, իրականացնում են ձեռնաշղթաներով գործողություններ եւ ձերբակալում ընտրվածներին: Կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը ասում էր, թե քուրդ քաղաքապետերը հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին: Այո, իրենք էլ ձեռնաշղթաներ գցելը սկսեցին Իգդիրից` Հայաստանի հետ սահմանից:
Ժողովրդավարացման նախաձեռնության համակարգողը համարվող ներքին գործերի նախարարը դարձել է ձեռնաշղթաներ գցելու համակարգող: Պարոն նախարարը պաշտոնապես դուրս է եկել „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցության անդամ քաղաքապետերի որսի»,-նշել է քրդամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:




























