Առաջիկա նախագահական ընտրությունների կազմակերպման, ռեգիստրում անճշտությունների վերացման, բնակչության հաշվառման ցուցակներում թյուրիմացությունները հարթելու գործում կարեւորվում է անձնագրային ծառայությունների բարեխիղճ աշխատանքը, պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը, հայտարարել է Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կատարողական կարգապահությանը, ռեգիստրի տվյալների ճշգրտությանը, բացթողումների վերացմանը:
Արթուր Օսիկյանը ծառայությունների պետերից պահանջել է ժամանակին բարձրաձայնել լուծում պահանջող տեխնիկական եւ այլ խնդիրների մասին:
Արթուր Օսիկյանը նաեւ նշել է, որ քաղաքացիների դժգոհությունները հաճախ իրազեկված չլինելու հետեւանք են, այսինքն՝ տարածքային անձնագրային ծառայությունները քաղաքացիներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պատշաճ բացատրելու խնդիր ունեն: «Քաղաքացու հետ պետք է կարողանալ նորմալ աշխատել, որ նա դժգոհ չհեռանա: Յուրաքանչյուրդ պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր ծառայողական պարտականություններին ու ոստիկանի մարդասեր առաքելությանը»,- ասաց Արթուր Օսիկյանը:
Արթուր Օսիկյանը կոնկրետ հանձնարարականներ է տվեց, նաեւ ժամկետ սահմանել՝ առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու համար, հայտնում են Ոստիկանությունից։





























