Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ dեկտեմբերի 3-ին կմեկնարկի «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Այս նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը եւ Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:
Ծրագրի շրջանակներում նաեւ կիրականացվի ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, եւ կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում հանրային ոլորտի բարեփոխումներին եւ ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավական զարգացման, ինչպես նաեւ թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա:
«Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1.3 միլիոն եվրո, իսկ տեւողությունն է՝ 2 տարի:





























