Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի Ազգային ժողովում «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ համաժողովին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ աշխատանք է ցանկացել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսը:

Հովիկ Աբրահամյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցության դերը մեծ է Եվրոպական միության կայացման գործում, քանզի դրա արժեքներն ու սկզբունքները իրոք հանդիսացել են Եվրոպական նախագծի ստեղծման մղիչ ուժը:

Մեր երկրի՝ Հայաստանի համար, որը ես պատիվ ունեմ ներկայացնելու այսօրվա մեր այս հանդիպմանը, այդ նույն քրիստոնյա արժեքներն էին, որոնց շնորհիվ դարեր շարունակ մեր ազգը ոչ միայն պահպանեց իր ինքնությունը, այլ նաեւ վերապրելով արհավիրքներ եւ ցեղասպանություն՝ ձեռնամուխ եղավ պետականության վերականգնմանը: Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական եւ մշակութային առաքելությամբ, Հայաստանի Հանրապետությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման իր քաղաքականությունը:

Այսօր, Հայաստանը իր վարած հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությամբ, տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է:

Այս համատեքստում պետք է դիտել նաեւ Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների եւ, այդ թվում, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:

Ուշագրավ է, որ մոտ 10 ամիս առաջ, Մարսելում՝ ողջունելով մեր մուտքը Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիք, պարոն Մարտենսը կանխատեսումներ արեց, որ այդ հանգամանքը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Հայաստանում լայնածավալ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հարկ եմ համարում նշել, որ ԵԺԿ նախաձեռնություններն են ինչպես Արեւելյան գործընկերությունը, այնպես էլ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովը եւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը, որի ներկայացուցիչները այսօր մեզ հետ են այս դահլիճում:

Ոմանք այս դահլիճում կարող են մտածել, որ սա մրցակցության դաշտ է ներկայացուցչական եւ մասնակցային ժողովրդավարության միջեւ: Ցանկանում եմ հենց սկզբից փարատել ձեր կասկածները. դրանք միմյանց լրացնող եւ միմյանց հարստացնող փոխգործակցության ձեւաչափեր են: Այն խորհրդարանները, որոնք հաջողությամբ առնչվում են քաղաքացիական հասարակության հետ, գործում են ավելի արդյունավետ: Բայց միեւնույն ժամանակ, մեր քաղաքացիական հասարակությանը ես կոչ կանեի դառնալ ավելի համախմբված եւ միասնական՝ հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են մեր պետական շահերին: Հակառակ դեպքում, դա կլինի մեզ համար աններելի շռայլություն:

Հետամուտ լինելով այս մոտեցմանը` ՀՀ ԱԺ-ին ակտիվորեն եւ արդյունավետ փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների գործուն շփումները ինչպես Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, այնպես էլ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչների հետ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանում գործող Եվրամիության խորհրդատվական խմբի հետ միասին միայն վերջին չորս ամիսների ընթացքում մենք կազմակերպեցինք երեք խորհրդարանական լսումներ մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ:

Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության եւ առաջընթացի: Մենք, պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալներ, դրանում ենք տեսնում մեր առաքելությունը: Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետեւ դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման եւ մեր հասարակության համար ավելի բարեկեցիկ երկիր կառուցելու միակ ճանապարհն է»: