Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա: Այս մասին ահազանգել է թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած.«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Լրագրողը իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը, ցուցակը ձեռքին, երթուղային տաքսիներով կազմակերպում էր «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: «Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել»,- հայտնեցին նախընտրական շտաբից:
Ստեփան Սաֆարյանի նախընտրականշտաբը հանդես է եկել նաեւ այլ հայտարարություններով: Մասնավորապես, դրանք վերաբերում էին անձը հաստատող փաստաթղթերում դրվող դրոշմակնիքի թանաքանյութի ցնդելուն, մի քանի դեպքերում` դրոշմակնիք չդնելուն, ընտրատեղամասերում կուտակումներին, ընտրողներին ուղղորդելուն եւ այհլն:
«Հայտարարում ենք, որ այս այլանդակության պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, ով մերժեց սովորական թանաքանյութի գործածման իմ առաջարկությունը, վարչական դատարանը, ով իր անգործությամբ վարչական վարույթ չընդունեց ԿԸՀ այդ որոշումը բողոքարկելու գործը: Որեւէ ակնկալիք չունեմ ընտրական հանցագործությանը նպաստող վերանշյալ մարմիններից»,- հայտնեցին նախընտրական շտաբից:
Պատգամավորի թեկնածուն ահազանգել է նաեւ, որ Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբը «Միլենա» եւ «Մելինե» տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով կազմակերպված ընտրողներին տանում է տեղամասեր, իսկ այդ տաքսի ծառայությունները, ըստ հանրային աղբյուրների, առնչություն ունեն նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց են կացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ:





























