Թիվ 1 ընտրատարածքում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 20 հազար 322 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Դա կազմում է քվեարկելու իրավունք ունեցող 64 հազար 758 անձանց 31,38 տոկոսը:
Թիվ 35 ընտրատարածքում ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 13 հազար 164 քաղաքացի, որը կազմում է գրանցված 55 հազար 971 ընտրողների 23,52 տոկոսը:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց են կացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն «Սովռանո» ՍՊԸ-ի» տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին, անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել:



























